ԱԶ

Ամենամեծ մեղքը վախն է։
Նրանից առավել մեծը չկա։
Բոլոր մնացյալ մեղքերը վախի ածանցյալներն են։
Քանի դեռ չի ձևավորվել ժողովրդին վախի արատավոր շրջանից դուրս բերող համակարգը, արհավիրքները շարունակելու են թևածել։
Այսօրվա մարդկությունը վախենում է ազնիվ լինել։
Վախից չարանում են, չարությունից՝ վախենում։
Վախով համախմբվածը հոտային է և տանում է դեպի սպանդանոց։
Մարդուն ներհատուկ է վախենալ ունեցածի և չունեցածի համար։
Վախը մղում է վավաշոտության, ագահության և ազդեցության։
Սրանցից ծնվում են սուտը, խանդը, նախանձը, գողությունը, բանբասանքը, բանսարկությունը, դավաճանությունը, սպանությունը,...։
Սրանց հետևանքն են բոլոր հիվանդությունները։
Վախի միակ աղբյուրը անհայտությունն է։
Անհայտությունը մղում է ստելու, սուտը տանում է անհայտության։
Շատ վախեր ունեցողը շատ անհայտներով է փորձում վախեցնել, մեծ վախ ունեցողը՝ մեծ անհայտով։
Վախից ազատվելու ուղին մեկն է՝ ճանաչողությունը։
Ճանաչողությունը անձնական փորձն է, այլ ոչ բանավոր կամ գրավոր ստացված տեղեկությունը։
Տեղեկությունները հերքվում են, փորձը՝ ոչ։
Փորձանքները լինում են փորձի պակասից կամ բացակայությունից։
Որտեղ պակաս կամ բացակա է փորձը, այնտեղ տիրում է վախը։
Այնտեղ մարդիկ վախենում են ուրիշների և սեփական ազատությունից։
Այնտեղ սանձարձակությունն է ազատություն համարվում։
Ազատը ոչ միայն ազդեցությունից է ազատ, այլ նաև ազդելու ցանկությունից։
Ազատը չի վախենում և չի վախեցնում։
Ազատը վախից ազատագրվածն է։
Ազատը Ազնիվն է։
Ազատը Ազգն է։
Ազգը Ազատ է, ժողովուրդը՝ կախյալ, տականքը՝ սանձարձակ։
Արթնացի'ր Հայ Մարդ։
Հիշի'ր Ազատությունդ, որը երբեք ոչ ոքի կախյալ չի դարձրել։
Հիշի'ր Ազատ ու անձեռնմխելի Դիցացդ, որոնք երբեք խեղճության օրինակ քեզ չեն ծառայել։
Հիշի'ր Ազատ Բնությունդ, որը Ազատ ու անձեռնմխելի պահելու պարտավորություն ունես արյանդ մեջ գրանցված։
Ազատվիր սիրտդ սառեցնող՝ գլուխդ տաքացնող վախերից։