Յոգա

ՅՈԳԱ


      Հաճախ է հանդիպում «յոգաով եմ զբաղվում» կամ «յոգ եմ պարապում» արտահայտությունը։
Հետո երբ դիտարկում ես նման արտահայտությունների հեղինակներին, պարզվում է, որ ոչ բոլորն են նույն բանով ու ձևով զբաղվում։
     Ավելի հետո պարզվում է, որ նույն բանով ու ձևով զբաղվողներն էլ տարբեր են ընկալում իրենց զբաղմունքը։
     Հազվադեպ պարզվում է, որ տարբեր բանով ու ձևով զբաղվողների մեջ այնուամենայնիվ միևնույն եզրահանգման հասածներ լինում են։
      Եւ նրանք ասում են, որ յոգան զբաղմունք չէ և նրանով չէ, որ զբաղվել-պարապել են։
      Ջրերը ակունքի մոտ պարզ են լինում։
Եւ դրանք պարզ են մնում, քանի դեռ չափազանց մարդկային միջամտություն չի լինում։
      Նույնն է և գիտելիքների պարագայում։
Յոգայի հնագույն գրավոր նկարագրությունը թվագրվում է ք.ա. չորրորդ դարով Փատանջալի իմաստունի կողմից։
Այդ նկարագրությունն էլ բազում մեկնաբանողներ տարբեր են ընկալում ու ներկայացնում։
Առանց տարբերվելու միտումի մի տարբերվող ընկալում էլ ես ունեմ, որի ներկայացումը միգուցե ինձ արժանացնի նույնակարգ եզրահանգման հասած նոր Ընկերների։
    Եւ այսպես.
Յոգայի հետ առընչվում է յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, ծագումից, ծննդավայրից,...։
Յոգան և Ազատությունը սերտ հասկացություններ են։
Յուրաքանչյուր մարդ առընչվում է յոգային իր Ազատության չափով։
Բացարձակ Ազատությունը հանգեցնում է Բացարձակ Յոգայի(իմա՝ Հոգուն)։
Յուրաքանչյուր մարդ Ազատ է իր ինքնատիրապետման(սամյամա) չափով։
Բացարձակ ինքնատիրապետումը հանգեցնում է բացարձակ Ազատության։
Յուրաքանչյուր մարդ իրեն տիրապետում է իր Ճանաչողության(սամադհի) չափով։
Յուրաքանչյուր մարդ Ճանաչում է իր ուսումնասիրության(դհյանա) չափով։
Յուրաքանչյուր մարդ ուսումնասիրում է իր ուշադրության կայունության(դհարանա) չափով։
Յուրաքանչյուր մարդ ուշադիր է իր հետաքրքրության չափով։
Յուրաքանչյուր մարդ հետաքրքրվում է իր զգացողության(պրատյահարա) չափով։
Յուրաքանչյուր մարդ զգում է իր Շնչին տիրապետելու(պրանայամա) չափով։
Յուրաքանչյուր մարդ  Շնչին տիրապետում է իր կեցվածքի կայունության(ասանա) չափով։
Յուրաքանչյուր մարդու կեցվածքը կայուն է իր հետևողականության(նիյամա) չափով։
Յուրաքանչյուր մարդ հետևողական է իր սկզբունքայնության(յամա) չափով։

Հ.գ. Կա պարզունակ մարդու տեսակ, որի համար Սերն էլ է զբաղմունք։