եհովայի վկայի անդրջրային առաքելությունը )))

Ջուրը ճողփաց և վտառը պայթող ռումբի պես բոլոր ուղղություններով ակընթարթորեն ցրիվ եկավ։
Երբ հետաքրքրասիրությունը ձկներին ստիպեց շրջվել, նրանք տեսան տեղում մերկապարուհու շարժումներ անող մի վարդագույն ճիճվի, որը ձկներեն ասում էր.
- Մի վախեցեք ինձնից, ինչպես ես չեմ վախենում ձեզանից։
Ինձ աստված է ուղարկել, որպեսզի ցույց տամ ձեզ փրկության ճանապարհը։
Ես եկել եմ վերին աշխարհից և այսօր ձեզանից ամենահավատավորին կտանեմ դեպի ջրազանց աշխարհ։
Բավական է ապրեք կուլ գնալու բարդույթով։
Տեսեք, ես այդ բարդույթը չունեմ և ձեր մոտ եմ եկել հատուկ կուլ գնալու։
Ձկների ներսում ինչ որ բան էր խլրտում։ Բոլորը համակվել էին ճիճվին վարից վեր համբուրելու ցանկությամբ, սակայն իրենց բավականաչափ անմեղ չէին զգում այդ բանը կատարելու համար։
Մի ձուկ չդիմացավ և բարձրաձայն հառաչեց.
- Ախ երանի գոնե մեկ ոտք ունենայի և դրանով ծնկեյի այս մաքրության առջև ու աղոթեյի։
Մեկ այլ ձուկ հանդիմանեց սրան.
- Այսպիսի մաքրությանը աղոթելու համար հարկավոր է առնվազն 1ՕՕՕ ոտք ունենալ և բոլորով ծնկի գալ և այդքան էլ ձեռք՝ ափերը միացնելու համար։
Վտառի հիացմունքով լեցուն հայացքները մի պահ կտրվեցին ճիճվից և ուղղվեցին դեպի հանդիմանողը և իրենց ցեղակցի նվիրվելու ունակությամբ հպարտ լինելու դեմքի արտահայտությամբ վերադարձան դեպի ճիճուն։
Բոլորը հասկացան, թե իրենցից ով է ջրազանց աշխարհի ամենաարժանավորը։
Բայց այդ պահին նրանք առիթ ունեցան այլ արտասովոր զգացողություն ճաշակել։
Սովորաբար իրենց մեջ խուճապ հարուցող մեծ ձկան ստվերը մոտենալով նույնիսկ տագնապի զգացողություն չառաջացրեց։
Ճիճվի ներկայությամբ ամոթ էր վախենալը։
Ձկներից յուրաքանչյուրը տրամադրվել էր ճիճվին ապացուցել, որ հասկացել է նրա առաքելությունը։ Յուրաքանչյուրը ուզում էր, որ ճիճուն նկատի իր կուլ գնալու պահը։ Սակայն ոչ մեկի սպասումը չարդարացավ։ Մեծ ձուկը հաստատուն ընթացքով լողաց դեպի ճիճուն և մեծաբերան համբույրով կլանեց նրան։ Հետո մի պահ թփրտաց ու անհայտացավ։ 
Բոլորի դեմքին տարակուսանքի ստվեր իջավ։ 
Ոչ ոք չհասկացավ, թե ինչու այդ հանցագործին աստված տարավ ջրազանց աշխարհ։
Եւ բոլորը որոշեցին աստծո մոտ ընկնելու համար իրենց բնավորությունից մեծ ձկան վարք կերտել։