ՁՅՈւՆՈՏ ԼԵՌՆԵՐԻ ՈԳՈւ ԽՈՍՔԸ

Ամեն ոք գտնում է իր փնտրածը։
Գիտունը տգետ չի փնտրում, տգետը՝ գիտուն։
Տգետներն են, որ անընդհատ ուզում են համոզվել, որ իրենց տգետի տեղ դնող չկա։
Այդ է պատճառը, որ նրանք բոլորին տգետի տեղ են դնում։
Այդ է պատճառը, որ նրանք երբեք գիտունի չեն հանդիպում։
Այդ է պատճառը, որ նրանք վախենում են ոչ թե իրենց չիմացածից, այլ ուրիշների իմացածից։
Եւ վախերից էլ ատում են։
Ատում են նրանց՝ ումից վախենում են և այն՝ ինչից վախենում են։
Աստվածավախ մի եղեք, որ կարողանաք սիրել Աստծուն։
Աստված քո չվախենալուց չի վախենում, որ քո համար սպառնալիք լինի։
Աստված երբեք չի սպառնացել։
Իսկ ով սպառնացել է, երբեք Աստված չի եղել։
Աստծուն երբեք մի փորձեք, քանզի Նա երբեք չի փորձել մարդկանց և մնացյալներին։
Իմացողը չի փորձում, փորձողը չի իմանում։
Փորձողը միշտ և հաճախ չէ, որ փորձում է իմանալու համար։
Մի վստահեք նրանց, ով ոչ թե երևույթներ է փորձում, այլ մարդկանց։
Երևույթներ փորձողները երբեմն ծառայում են մարդկությանը, իսկ մարդկանց փորձողները՝ իրենց ծառայեցնելու։
Փորձառուն՝ իր անձի մասին լավը չի ասում, ուրիշի անձի մասին՝ վատը։
Փորձառուն՝ իր արած գործը չի գովում, ուրիշինը չի փնովում։
Աստծո անունից խոստումներ մի տվեք։
Աստված երբեք խոստումներ չի տվել, քանզի խոստանում են քծնողները։
Իսկ տվողը առանց խոստանալու է տալիս։
Մարմնով հավիտենական ապրելու աստիճան նյութապաշտ մի եղեք։
Նյութապաշտությունը խանգարում է Ոգու Հավերժությունը զգալ։
Մի հպարտացեք ձեզ համար զոհվածներով, այլ ամաչեք Նրանցից։
Ապրեք այնպես, ինչպես ձեզ համար զոհվել են, այլ ոչ ինչպես Սրբազան Զոհերիդ սպանողն է ապրում։
Եթե քո համար զոհվածի գաղափարով չես ապրում, նշանակում է դու Նրա զոհվելով Նրան սպանողից պակաս ուրախ չես։
Ձեր համար գիտակցված զոհվել են, ոչ նրա համար, որ դուք ապրեք չգիտակցված։
Լերկ լեռան ժողովուրդը ձեր համար մահ է վճռել։
Մի ծառայեք նրանց, առավել ևս որպես ինքներդ ձեր դահիճ։