ԳԱՂԱՓԱՐ ԿԱՂԱՊԱՐՈՑ

Մարդիկ հաճախ են հասկանում, որ պետք է գաղափարի ծառայեն, այլ ոչ անձերի։
Եւ հաճախ ընտրում են ապահովության պատրանք ստեղծող գաղափարներ։
Մարդկանց դուր են գալիս նոր գաղափարները։
Եւ որքան շատ են դրանք, այնքան դժվար են հիշվում։
Եւ չմոռանալու համար մարդը ստեղծել է գաղափարները գրի առնելու գաղափարը։
Հետո ծագել է գաղափարները հաշվելու անհրաժեշտության գաղափարը։
Հետո էլ՝ գաղափարները գնահատելու գաղափարը։
Հետո որպես գաղափարներ գնահատելու միջոց, մարդիկ ստեղծեցին մետաղյա դրամներ։
Սկզբում դրամը հատեցին ազնիվ մետաղներից, սակայն դրանք երկար էին մնում որպես հին գաղափար և անցան անազնիվ մետաղներից հատելուն։
Հետո պարզվեց, որ դրանք էլ են որպես գաղափար ցանկալիից երկար հին մնում և մարդիկ ստեղծեցին թղթադրամները։
Թղթադրամը դարձավ ապահովված զգալու գաղափարին ծառայող և հաճախ տեսքով ու պաշտպանվածությամբ նորացվող գաղափար։
     Հետո մարդիկ  Ազատությունը լավ հնացած գաղափար կարծեցին ու որոշեցին ուտելով պակասեցնել։ 
Սկզբում մարդը կերավ հողի Ազատությունը, հետո նրա վրա աճողի, հետո էլ աճածով սնվողի։
Հետո որոշեց ճաշակը նրբացնել և զարգացնել ու սնվել երկոտանիների Ազատությամբ։
Մարդը կարծեց, թե այլոց Ազատությունով սնվելը նույնպես ամենակերության տեսակ է։
Մարդը ենթադրեց, թե այլոց Ազատությունը  խժռելով սեփականը պիտի շատացնի։
Եւ իր մեջ ահագնացող սանձարձակությունը ենթադրեց նախորդ ենթադրության ապացույց։
Մարդկանց մի մասը սրտխառնոց զգաց Ազատություն ուտելու գաղափարից և նախընտրեց կեր դառնալ։
Թերևս դա է պատճառը, որ երբ մարդ չգիտի ինչ անել յուր Ազատությունով, այն վաճառում է շատ ցածր գնով։
Հետո ավելի շատ փոշմանում է ցածր գնի՝ այլ ոչ Ազատությունը կորցնելու համար։
Հետո Ազատությունը կոցրածները հասկացան, որ գնորդն էլ է իրենը կորցնում և դա մեծ սփոփանք համարեցին։
Մարդկանց շատ հրապուրեց սեփական Ազատությունը կորցնելով այլոցը սահմանափակելու գաղափարը...
     Ամենին զուգահեռ, մարդը տոգորվեց Աստծո գաղափարով։
Եւ տեսավ, որ այդ գաղափարը մնացյալ գաղափարները աշխատացնելու զորեղ միջոց է։
Հետո դա էլ հնացած համարեց և հորինեց դա օտարելու գաղափարը։
Շատ գաղափարներ փորձեց և գտավ ամենաարդյունավետը՝ Նրա մասին Նրա անունից շատախոսելը։