Ռեփեր

ՌԵՓ  

Գրում են, ասում են,
Գրել-ասելով անվերջ հակասում են,
Ինքնամսխվելով խելքից պակասում են,
Վախեր կուտակում ու կակազում են,
Չունեցած ձևը՝ ձևացնում են,
Հետո լացում են ու լացացնում են,
Լաց բաժանողին զվարճացնում են,
Քաղցած շներին զիլ հաչացնում են,
Բորբոսացնելով կանաչեցնում են,
Ինքնության թերին ճանաչեցնում են,
Իրենց կեղծ կյանքին վարժեցնում են,
Պարզունակությամբ՝ պարզեցնում են,
Իրենց ծուլությամբ վազեցնում են,
Իրենց գաղջությամբ հազեցնում են,
Պետության բյուջեն յուրացնում են,
Սեփական հենքը վերացնում են,
Օտարի բարքը արագ վերցնում են,
Բնական կարգը լուռ շրջանցում են,
Իրական փառքը խամրեցնում են,
Կույրին ցույց տալիս՝ խուլին հարցնում են,
Համրին երգեցնում՝ կաղին պարեցնում են,
Հանցավորներին արդարեցնում են,
Ստախոսներին ճարտարեցնում են,
Անբարիշտներին պարարտեցնում են,
Հաղթականներին կեղծ պարտեցնում են,
Հաջողված ստով հպարտանում են,
Կաշառված դատով «անպարտ»անում են,
Կեղծավոր խոսքով «ցավը տանում» են,
Անտարբերությամբ կավատանում են,
Ջղաձգվելով ուժը վատնում են,
Իրենք սպառնում՝ իրենք վատանում են,
Աստծո անունից սուտ խոստանում են,
Մարդոց հավատը զուտ խոտանում են,
Խաշով սնվելով քաշով ծանրանում են,
Մոմ վաճառելով հոգով մանրանում են,...



ՌԵՓ 2  

Այս ի՞նչ եք անում, որ ինչ անում եք, 
Ոչ հագենում ու ոչ կշտանում եք,
Փայլով կուրանում՝ քայլով ծանրանում եք,
Մարմնով տարածվում՝ հոգով մանրանում եք,
Օտարի առջև խոնարհ համրանում եք,
Աթոռի վրա անվերջ թարմանում եք,
Բողոքի վրա կեղծ զարմանում եք,
Օրենքի տակից Ազգին թալանում եք,
Պաշտոն ուզողին արագ փալանում եք,
Արդարության դեմ զորքը հանում եք,
Բախտի սև թելը անվերջ մանում եք,
Գլուխ չեք հանում և ոչ հասկանում եք,
Շարժվող դագաղից կյանքին նայում եք,
Խրոխտ կեցվածքով հրամայում եք,
Կանաչ փողերի համար մայում եք,
Իրական կյանքից բացակայում եք,
Ուրիշի խոսքով հանդիսանում եք,
Սեփական խոսքը շուտ մոռանում եք,
Ճշմարտությունից անվերջ հեռանում եք,
Ձեր ընտրած ուղով անվերջ կեռանում եք,
Պլանների մեջ անվերջ թերանում եք,
«Ես»ը ձեր՝ դուք էլ «ես»ի բերանում եք,
Ձևով պահպանվում՝ էությամբ վերանում եք,
Հոգով ստրկանում՝ մտքով տիրանում եք,
Ումից խուսափում՝ նրա ճիրանում եք,
Սեղանի բեռով անկեղծ հիանում եք,
Քաղցից կեղեքվում ու գիրանում եք,
Ձեզ թվում է թե կյանքում դուք հետք եք,
Աստվածը ձեզ ոչ՝ դուք Աստծուն պետք եք: