ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՍՏԾՈւՆ

Աստված ջան, նամակիս բուն նպատակը տարակուսանք հայտնելն է Քո՝ խեղճության նմանվող Բարիության համար:
Չպատժելդ հասկանալի է, բայց ինչու՞ չես գոնե հերքում Քո մասին այն զրպարտությունները, որ Քո արտաքինով չարագործներ ես ստեղծել:
Ոնց որ թրթուռը ասի, թե իրենք ձվից դուրս են եկել թիթեռի պատկերով և նմանությամբ:
Ախար մեկ մեկ այնպիսի արտաքինովներն են ասում, որ ...:
Գոնե միայն դա ասեին, կամ գոնե Քո տատմերը լինելու կեցվածքով չխոսեին:
Աստված է՞լ էդքան անուն դնող ունենա ու ոչ անունը իրենը լինեն, ոչ էլ անուն դնողները:
Ամեն անուն դնող գրեթե Քեզ է նկարագրում և դրանով փորձում հերքել իրենից առաջ այլ անվանադիրի կողմից գրեթե Քո նկարագիրը:
Աստված է՞լ այսքան նկարագրությունների բախում ունենա իր ստեղծած հողի վրա էությամբ իրենից հեռացածների միջոցով:
Որ լավ խորանանք, կարող է պարզվել, որ քավոր-հովանավոր էլ ունես և դրանցից էլ ես անտեղյակ:
Բա իբր թե Քեզ մատուցված մատաղնե՜րը:
Այնպես է ներկայացվում, կարծես թե առաջին պատառը Դու ես մատներդ ու բերանդ վառելով ճաշակել, մինչդեռ ոչ մի մատաղից այսքան ժամանակ հոտ անգամ քաշած չկաս:
Քեզ «երկնային արքա» նկարագրողները երկրի վրա այնպիսի դրսևորումներ են ունենում, որ մարդիկ կյանքի ընթացքում չզգան Քո ամենաներկայությունը, իսկ մահանալուց հետո վախենան մոտդ գալ: 
Լավ շատ չերկարացնեմ, միևնույն է նամակիս չես պատասխանելու, որովհետև ժամանակ չես ունենալու կարդալ:
Հավերժության մեջ ի՜նչ ժամանակ:
Նամակս կարդացողների մի մասը լինելու է ներքուստ Քեզ նմանվել ձգտողներից, մյուսն էլ Քո արտաքինից ունենալը հայտարարողներից:
Առաջինները կմնան անփոփոխ, երկրորդները՝ անկայուն:
Ամեն ինչ առաջվա պես մնալու է Քո մեջ, բայց Դու շարունակելու ես ծույլ ու խարդախ տեղեր չմտնել, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, բանկերը, գրասենյակները, հիվանդանոցները, կուսակցությունները, կրոնական հաստատությունները, կառավարական շենքերը և բազում այլ հեշտ ու շատ կերակրվելու միտումով ստեղծված վայրեր: