ԱՆՀԱՅՏ ԱԿՆՀԱՅՏ

«Դժբախտությունները պետք է հաղթահարել նախքան սկսվելը»
                                                                                           Մահարիշի Փատանջալի

    Արհավիրքները երբ անհայտ են, նույնիսկ ոմանց համար զվարճալի են լինում:
Եւ այդ ոմանք հաճախ կարող են հանրույթի մեծ մասը լինել:
Երբ արհավիրքները սկսում են երևակվել, նույն զվարճացողները պատվում են սարսափով:
Անհայտ Ճշմարտություն է, որ զվարճասերները ուրախանալ չգիտեն:
Զվարճություն սիրողները միշտ ծանր են վճարում:
Զվարճություն սիրողներն էլ երբեմն ներում են հայցում:
Եւ դա անում են լոկ այն ժամանակ, երբ իրենք են դառնում այլ զվարճասերների  զվարճալիք:
Զվարճասիրության տեսակները բազում են և անհեթեթ:
Զվարճասերը ուժ չունի չըզվարճանալու:
Նա արդյունք է երեխա ժամանակ զվարճանքի առարկա լինելու:
Երեխա ժամանակ քաղցրն է նրան զվարճացրել, մեծ ժամանակ՝ դառնություն պատճառելը:
Քաղցրախոս - դառնագործ է զվարճասերը:
Նա կարող է զվարճանալ ուրիշի և իր կատարած սպանությամբ:
Եւ սպանելու ձևերի ու չափերի աներևակայելիությամբ:
Այդ տեսակի համար առանձնակի զվարճության տեսակ է զանգվածային սպանդը:
Զվարճասերը անընդհատ ձգտում է զվարճության «կատարելության»:
Զվարճասերը կարող է պետություններ կործանելով զվարճանալ:
Զվարճասերը կարող է իր իսկ Պետությունը կաթվածահար անելով զվարճանալ:
Զվարճասերի հումքը մեկն է՝ հուզված մարդը(թեկուզ ինքը):
Եւ որքան շատ հուզված մարդ, այնքան մեծ զվարճություն:
Նա զվարճանում է ժողովուրդ հուզելով և հուզված ժողովրդով այլ ժողովուրդներ հուզելով:
Հաճախ մի զվարճասերի զվարճանքը կիսատ է մնում, որը շարունակում է մեկ այլը՝ զվարճանքի առարկա դարձնելով նաև զվարճությունը մեկնարկողին: