ՈՒ՞Մ ՊԱՇՏԵԼ

Մի անգամ երբ Երևանի թանգարանում  էի, ականջիս դիպավ, թե ինչպե՞ս է աշխատակցուհին զբոսաշրջիկների խմբին բացատրում խաչքարի մի նմուշի նախշերի նշանակությունը.«այստեղ ներքևում դուք տեսնում շրջան, որը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ նրա վերևի խաչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Այսինքն խաչի հաղթանակը արևի հանդեպ:»
Ու այդ ոգով շարունակում է ներկայացանել «խավարամոլ» Արևապաշտության հանդեպ ինչ-որ հզոր լուսավորչության հաղթանակը մոտավորապես որ,«հեթանոսները պաշտում էին արևը, իսկ քրիստոնեությունը բերեց նրա ստեղծողի պաշտամունքը»:
Միանշանակ այս մտածելակերպի հեղինակը թանգարանային աշխատակցուհին չէ, և այդ տրամաբանությունը մեկ սերունդ առաջ չէ, որ թևածում է մեր Հայրենիքում և մնացած հուդարմատ կրոնների երկրներում:
Այդ տրամաբանությամբ դուրս է գալիս, որ ստեղծողին պաշտելով, կարելի է արհամարել նրա ողջ ստեղծագործությունը: Եւ ստեղծողը դա կարող է բարձր գնահատել:
Պատկերացնո՞ւմ եք, նկարչին, քանդակագործին, ճարտարապետին, բանաստեղծին, ... ասում եք, որ պաշտում եք իրեն, և զզվում նրա արվեստից:
Եւ հետո մեկ այլ տեղ պարծենում, որ արվեստի այսինչ ճյուղի ներկայացուցչին անձամբ ճանաչում և պաշտում եք, բայց զզվում եք նրա ստեղծագործությունից, ու գալու է ժամանակ, որ նա իր գործի հասույթից ձեզ էլ է բաժին հանելու, և անհոգ կյանք ապահովելու:
Իհարկէ, հարթությունը չի կարող ընկալել գունդը այլ կերպ, քան շրջան:
Հարթությունը որպես շրջան է ընկալում նաև կոնը: Իսկ շրջված վիճակում այն կարող է ընկալվել ոչ ավել, քան եռանկյունի:
Եւ հիմա հարթության, ավելի ճիշտ նրա հոմանիշ՝, տափակության քմահաճույքին է տրված առհասարակ Տիեզերքի ընկալումն ու մեկնաբանումը: Նյութական Տիեզերքը դեռ ոչինչ:
Տափակությունը արդեն քանի դար Հոգևոր Տիեզերքի պատկերն է փորձում իր ուսին դաջել, և իր անկանոն խզբզոցները հպարտությամբ ի ցույց դնել:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Քո Արի Նախնիք Բնությունը ճանաչում և նրան պաշտում էին ամենայն պարզությամբ, խորությամբ ու մեծությամբ:
Նրանք տեղյակ էին, թե երկրի գունդ լինելուն, թե նրա Արևի շուրջ պտտվելուն, թե նրա շուրջ պտտվող Լուսնին, թե Բևեռային Աստղին, թե...(կասկածողները թող ուսումնասիրեն Շիրակացու Գործերը):
Ճիշտ է Հին Հայքում էլ կռապաշտներ կային, բայց այն տարբերությամբ որ չէին գերիշխում:
Կային նաև վայրագ հավատից չհեռացած «հայացած» տոհմեր, որոնք մարդկային գաղտնիզոհաբերություններ էին անում: Բայց շատ հազվադեպ:
Ազատ էր Հայքը, Հզոր, Ինքնիշխան: Եւ այդ պատճառով Խաղաղ ու Անպարտ:
Եւ Բնությանը լիարժեք մասնիկ, ոչ թե ախոյան:
Եւ Բնության երևութական ու աներևույթ Ուժերը բազում, համարվում էին Դիք(ոչ թե Աստվածներ) ու պաշտվում Անկեղծ:
Եւ այդ Դիցերը Ընկերներ էին, այլ ոչ թե տերեր կամ էլ ծառաներ:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Նորից Բնության Զարկերակն զգա: Եւ զգացածիդ միայն հավատա:
Եւ զգացածդ պահիր ու Պաշտիր և անզգայության Դարը թոթափիր: