ՎԱՍՆ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ

Մի անգամ Արարիչը կանչեց իր մոտ Լույսին, և հայտնելով, որ խավարը նրանից գանգատվում է, հանդիմանեց վերջինիս հալածելու համար:
- Օ՜ Հայր Արարիչ,- զարմացավ Լույսը,- ես խավարին հալածելու չնչին իսկ միտում չեմ ունեցել: 
 Ընդհակառակը, լսել եմ նրա մասին, փնտրում եմ ընկերություն առաջարկելու համար, սակայն ամենուր նայում եմ, նա չկա ու չկա:

Բյուրիցս ավաղ, սակավ չի լինում, երբ ընկերության պարզ առաջարկը վախ է պատճառում:
Ընդունման դեպքում վախով ուղեկցվում, և վերջ ի վերջոյ գժտման հանգեցնում: 
Եւ որպես օրենք, գժտվելուց հետո թուլակամ մարդը հակաբանում է ընկերոջ մասին իր իսկ գործածած նախկին գովքերը:
Լինում է նաև, որ վախկոտ մարդը պաշտպան փնտրելով, իր բարերարին միառժամանակ ընկեր է կոչում, իր առաջացրած հարցերը լուծում ու անհետ կորչում:
Վախով ընդունված կամ էլ համեմված Ընկերությունը երկար չի տևում:
Հաճախ է լինում, որ վախ կոչվածը կասկածի տեսքով ընկերոջ սիրտը հետո է մտնում և ուժգին գետնում:
Իսկ վախկոտ մարդը ամեն անձում է թշնամի փնտրում:
Հաճախ է լինում, որ մարդ կորցնում է յուր զգացականը, և դադարելով ընկերոջն զգալ՝, ենթադրում է թե, այդ նա է սառել:
Պատահական չէ, որ զգացականի կորուստը մարդուն մղում է դեպի զգացմունքայնություն:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Անընկեր մարդը նույն անաստվածն է:
Գտի'ր Աստծուդ Ընկերներիդ մեջ:
Ձուլվի'ր Աստծուդ՝ Ընկեր լինելու քո կարողությամբ:
Ընկեր լինում է միայն ուժեղը, իսկ ուժն արդյունք է Ընկերասիրության:
Ընկերոջ ուժը քեզ օգնություն է՝ ոչ պաշտպանություն:
Ընկեր լինում է միայն Ազնիվը:
Ազնվությունը ամենայն Սիրո արտահայտումն է:
Ընկերությունը տարիքի, սեռի,պաշտոնի, տեղի սահմաններ չունի:
Քեզ առաջարկված Ընկերությունը երբեք մի մերժիր:
Քո առաջարկած Ընկերությունը երբեք մի դրժիր: