«Մարդիկ սիրում են նրանց, ում իրենք են լավություն արել և ատում են նրանց, ում իրենք են վատություն արել»
Լ.Ն. Տոլստոյ
Ճապոնացի Սամուրայները կարողանում են դիմացինի վարպետության մասին կարծիք կազմել նրա կեցվածքի և քայլվածքի հանդիսավորությունից:
Եւ իրենցից զորեղին հարգալից խոնարհվում և ողջունում են:
Մի անգամ Ճապոնիայից Մոսկվա մրցումների ժամանած կարատեյի վարպետները այդպես ողջունել են մի հայի, և չեն էլ ենթադրել, որ վերջինիս քայլվածքի հանդիսավորության պատճառը ոչ թե վարպետությունն է, այլ նոր գնված կոստյումը:
Ասում են, երբ եբրայեցու գրպանում 10 դոլար է լինում, նա իրեն այնպես խեղճ է պահում, որ գրպանում ոչինչ չկա:
Իսկ հայը նույն պարագայում իր դրսևորումով թողնում է 100 դոլար ունեցողի տպավորություն:
Մի ժամանակ Հայաստանում մարդիկ չէին հպարտանում նույնիսկ արած սխրանքներով:
Մեր օրերում քիչ չի լինում, երբ պարծանքի շարժառիթը խաբելն ու թալանելն է:
Կամ կաշառքով, խարդավանքով ձեռք բերածը:
Քիչ չի լինում, երբ որ մարդիկ այնքան շատ են դիմածռվում, որ սեփական դեմքը հավետ մոռանում են ու կորցնում:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է կարծում, ինչ այլոց մեջ բացառում է:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է ժխտում, ինչ այլոց մեջ ենթադրում է:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է սիրում, ինչ այլոց մեջ փնովում է:
Մարդ ատում է սարսափ ազդող ամենայն ինչ:
Եւ քողարկում է ատելությունը հավատարմության ու հավետ սիրո առատ խոսքերով:
Արթնացի'ր Հայ Մարդ:
Վախի և ատելության հարաբերակցությունը ուղիղ համեմատական է:
Որքան շատ ատես՝, այնքան շատ կվախենաս:
Ինչպես անհնար է ծովը հագեցնել իր մեջ թափվող գետերի ջրերով, այնպես էլ վախը բուռն ատելությամբ:
Վախը գործածվելով ոչ թե սպառվում՝, այլ շատանում է, նաև մեծանում:
Բոլոր մեղքերը ծնվում են վախից և վախ են ծնում:
Բայց չվախենալ չատելու համար, չի նշանակում անպայման սիրել: