Զոհաբերություն է պետք։
Ծայր անհրաժեշտություն է Զոհաբերությունը։
Աշխատող՝ արդյունք ունեցող, անարյուն Զոհաբերություն։
Հեղափոխական Զոհաբերություն և Զոհաբերության Հեղափոխություն։
Ավելորդի, անիմաստի, իրեն սպառածի,... Զոհաբերություն է պետք։
Ինքնամսխումը կասեցնող Զոհաբերություն։
Ունայնությունը թոթափող Զոհաբերություն։
Գիտեմ, որ հազարից ավելին կունենանք, բայց հարյուրն էլ բավական կլինի։
Հարյուր՝ մինչև քսանհինգ տարեկան երիտասարդ աղջիկ և տղա։
Հարյուր երիտասարդ, ով կզոհաբերի շրջապատող իրողությունից վերցված անիմաստ կրքերը։
Հարյուր երիտասարդ, ով ամեն առավոտ Արևածագ կդիմավորի և Արևին բաց աչքերով կնայի ու Հայաստան Աշխարհի համար Արդարություն կխնդրի։
Հարյուր կայուն երիտասարդ։
Այն աստիճան կայուն, որ երբ տեսնի, որ գնալով շատանում են կոնսերվանտային սնունդից հրաժարվողները, ոչ մի տեղ չի ասի, որ դա Արևին իր խնդրածի արդյունքն է։
Երբ նկատի, որ մարդիկ զանգվածաբար հրաժարվում են ուրիշների ձեռքի տակ աշխատել և ընտանիքներով գործեր են կազմակերպում և բարգավաճում, չի գոռոզանա, թե դա առանց իրեն հնարավոր չէր լինի։
Երբ նկատի, որ Արդարությունը չարաշահածները իրար ետևից հանկարծամահ են լինում, չի լցվի հպարտությամբ, որ դա ինքը արեց։
Երբ նկատի, որ արտագաղթը դադարել և ներգաղթ է սկսվել, չի մտածի, որ դա իր շնորհիվ էր։
Ընդամենը հարյուր երիտասարդ՝ Արևահաղորդությամբ Զոհաբերում են հիվանդեցնող, տառապեցնող, դժբախտեցնող,... իրենց փոխանցված սովորությունները և Կյանքը վերստին սկսում է իր Բնօրրանում բաբախել։
Հարյուր երիտասարդ՝ առանց մեկը մյուսի հետ պայմանավորվելու սկսում են Արևի կենսառիթմը քաշել դեպի Հայաստան աշխարհ։
Հարյուր երիտասարդ Ազատվում և Ազատում են։