Մի ժամանակ օտարներն էին հայերիս համար խոչընդոտ նյութում։
Հիմա նրանք ազատ էն այդ նեղությունը քաշելու հոգսից։
Նրանց խոչընդոտները հայերս կարողանում էինք հաղթահարել։
Մեր ներկայիս խոչընդոտները կրում են մոռացված հայկական՝ բարձրագույն որակի դրոշմը։
Այսինքն հայի համար հայն է խոչընդոտ ստեղծում։
Ստեղծում և հիանում է իր կերտած խոչընդոտի մեծությունով։
Եւ որքան մեծ է կերտած խոչընդոտը, այնքան հանդիսավոր է «jeep» նստելու հպարտությունը։
Հայից հային հարուցված խոչընդոտը ենթակա չէ տրամաբանական վերլուծությունների, չնայած ունի կրկնվելու օրինաչափություն։
Ներկայի հայը երբ տեսնում է, որ իր կերտած խոչընդոտը արդեն իրեն էլ է խոչընդոտում, սկսում է վերացնել այն և ձեռի հետ բարեգործի համբավ էլ է ձեռք բերում։
Մի ժամանակ հային հաղթելու համար օտարները փորձում էին հայերիս հասկանալ։
Եւ այդ փորձերը չէին հաջողվում։
Հիմա էլ նրանք մեզ չեն հասկանում։
Բայց մեզ չհասկացողները շատացել են մեր հաշվին։
Հիմա նրանք մեզ հասկանալու խնդիր չունեն, քանզի վերացել է մեզ հաղթելու անհրաժեշտությունը։
Ոսոխները մեզ չէին կարողանում հաղթել, քանզի մենք իրենց էլ էինք հասկանում, մեզ էլ։
Նրանք մեզ սկսեցին հաղթել կարողանալ այն պահից, երբ մենք սկսեցինք միայն իրենց հասկանալ։
Օտարը հնում մեզ չէր հասկանում, քանզի մեր Խոսքը կյանքից էր ձուլվում, կյանքին էր ձոնվում, կյանքին ծառայում։
Օտարները հայերիս չէին հասկանում, քանզի առակներով էինք խոսում։
Հիմա անառակների թիվը շատացել է մեր հաշվին։
Առակով էին մեր Նախնիք խոսում։
Առակով էին հյուր հրավիրում և ճանապարհում։
Առակով էին շատ դարեր առաջ Հայքից դուրս եկած Ցեղի արյունը կրողին պարզում։
Առակով էին հոգու գտածը և կորցրածը զննում և ուղղում։
Առակով էին օտարից անգամ աշակերտ վերցնում՝ իմաստուն կերտում։
Առակի պատկերավոր խոսքը մեզ ներսից էր պաշտպանում օտարի պարզունակությունից։
Եւ հայերիս համար վիրավորական էր ուղիղ խոսքը, քանզի այն չորքոտանիների համար էր կիրառվում։
Այն ժամանակ Ազգ հոգեվիճակի հանրույթ ունեինք, ուր բոլորն էին մտածող։
Եւ բոլոր խոսքերն ու գործերն էին մտածված։
Հիմա էլ ունենք մտածողներ, որոնք տիրապետում էն առակի խոսքին, սակայն չհասկացվելու մտահոգությունից պարզունակ էն խոսում։
Առակավոր խոսքը այնքան զորեղ էր, որ օտարների մոտ նրան տիրապետողը աստված էր հռչակվում։
Հետո նրանք այդ աստծուն սպանում էին և տոնում Խոսքի հանդեպ տարած հաղթանակը։
Հետո Խոսքի հանդեպ հաղթանակ տոնողների քանակը շատացավ մեր հաշվին։
Ասում էն Սիրակուզայի արքա Դիոնիսոսը Դամոկլոս անունով խորհրդականին մեկ օրով գահ է տվել, որի գլխավերևում ձիու մազից կախված սուր է եղել։
Հիմա մեզանից յուրաքանչյուրի գլխավերևում այդ թրերից սուր ու ծանր՝ կռահելու քմահաճույքին հանձնված օտար խոսքեր էն մազակախ։
Եւ ամեն մեկիս գիտակցությանը օտար խոսքերից կարկուտ է տեղում։
Եւ այդ կարկտահերթերից կուչ եկած, կծկված, կուզիկացած,... գիտակցություններ։
Իսկ մեր Խոսքերը, որ մի ժամանակ ամեն մի հայի գիտակցությունը վեր էին ձգում, այսօր ոչ թե մեր գլխավերևում էն, այլ ոտնտակ։
Արթնացի'ր Հայ Մարդ։
Քո Արի Նախնիք գիտեին Խոսքի ամբողջ ալքիմիան։
Գիտեին ծծումբ խոսքը լվանալ։
Գիտեին սնդիկ խոսքերը կապել։
Գիտեին խոսքին ճիշտ ջերմություն տալ, որ ոչ հում մնա և ոչ էլ այրվի։
Գիտեին ինչպես խոսքերի ոսկուց պսակներ ձուլել ու Սիրույն ձոնել։
Գիտեին խոսքը ինչպես պահպանել, ինչպես պաշտպանել։
Քո Արի Նախնիք խոսքով երբեք չէին կռվում։
Նրանց Խոսքը կռվի նպատակ չէր հանդիսանում։
Նրանք Խոսքով կռիվներից չէին խուսափում։
Եւ կռվից հետո Նրանց Խոսքը նույնն էր մնում։