ՎԱՍՆ ԱՆՓՈՓՈԽ ԲԱՐՈւ

«Հողը մայրս է, Անձրեւը՝ հայրս, Քամին՝ Եղբայրս, Հուրը՝ Ընկերս, Եթերն՝ Աշխարհս»
                                                                                                                  (Րիգ Վեդա):


      Ելույթներում և հրապարակախոսություններում հաճախ է հանդես գալիս «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում» հռետորական հարցադրումը:
      Սակայն, երբ ունկնդրում ենք հարցադրողների պատասխանները, հաճախ բոլորովին այլ հարցերի պատասխաններ ենք ստանում: Հաճախ «ո՞վ ենք» հարցին ստանում ենք «ո՞վ էինք» հարցի պատասխանը:
      Իսկ «որտեղի՞ց» եւ «ու՞ր» հարցերի ստացված պատասխաններն էլ լավագույն դեպքում հաճելիորեն թմրեցնում են մեր գիտակցությունը եւ առաջացնում վասն մեր անցյալի ու ապագայի մի լավ արբելու տրամադրություն:
     Եւ այդ ծույլ երազկոտությունից անցումը դեպի երազկոտ ծուլություն մեզ մեկուսացնում է մերօրյա «ո՞վ ենք»-ի սթափ գիտակցումից:
    Եւ չենք նկատում բոլոր ժամանակների ու կարգերի չափանիշներով մեր ժողովրդի արդի թշվառությունն ու դրա հիմնավոր պատճառները:
    Չենք նկատում (կամ գուցե չենք ցանկանում նկատել), որ Փառավոր անցյալից ունենք լոկ գրավոր հիշողություն: Իսկ ներկան էլ փոխառել ենք երիտասարդ ժողովուրդների դատարկ ու ամոթալի անցյալից:
Եթե չտեսնելը կուրություն է, ապա մասնակի չտեսնելը մասնակի կուրություն է:
Մասնակի կուրության մի վիճակ էլ կա, որը կոչվում է կենտրոնացվածություն:
Նամանավանդ, երբ կենտրոնացման առարկան բոլորովին երկրորդականներից է:
Եւ հիմա մեր ժողովուրդը լինելով առաջին երկրագործների ժառանգ՝ անգիտակցաբար մերժել է երկրագործությունը և կենտրոնացել է հաց ստանալու նոր եղանակներ բացահայտելու վրա, որի դեպքում ցորեն ցանելը չի լինի անհրաժեշտություն:
Եւ այդպիսով վերածվել է հաց ներմուծողի:
Մեր ժողովուրդը վաղուց է կորցրել բնական եղանակով հաց ստանալու ավյունը:
Այն ժամանակներից, երբ երկրագործությունը սկսեց համարվել ցածրակարգ զբաղմունք:
Երբ կերակրողը ստորադասվեց կերակրվողին:
Մեր օրերում հաճախ են հնչում թշվառ կարծիքներ, թե իբր հայերս անմիաբան միշտ ենք եղել:
Սակայն մեր անմիաբանության սկիզբը նույնպես համընկնում ունի երկրագործության ցածրակարգ զբաղմունք համարվելու սկզբին:
Եւ այդ սկիզբը բարեբախտաբար պատմականորեն արձանագրված է:
Պատմահայր Խորենացին մեզ է փոխանցել Վաղարշակ Արշակունի արքայի բարեփոխումների հրովարտակը, ըստ որի. «...Այսուհետ քաղաքացին լինի գերապատվելի քան գյուղացին: Գյուղացիները քաղաքացիներին պատվեն որպես իշխանների...»:
Եվ այս «բարեփոխում»-ը նաեւ վկայություն է, որ շերտավոր (կաստայական) հասարակարգը միշտ չէ, որ մեզանում եղել է:
     Մասնակիորեն ծանոթ լինելով այս կամ այն ժամանակների ու երկրների իշխանությունների բարեփոխումներին, չեմ հանդիպել մի այնպիսի բարեփոխման, որը ունեցել է դրական արդյունք հասարակ ժողովրդի համար:
     Շնորհակալ կլինեմ այն բարի մարդուն, ով որեևէ իսկապես բարեփոխման մասին ինձ կտեղեկացնի:
Սակայն առավել Շնորհակալական զգացումով կլցվեմ այն իշխանությունների հանդեպ, որոնք իրենց հրամանագրերով եւ հետեւողական գործողություններով Վաղարշակ արքայի հրովարտակը կհայտարարեն իմաստությունից դուրս և ուժը կորցրած ու դրա  հետեւանքներից կմաքրեն Հայ ժողովրդի մտքոլորտը եւ նորից գյուղացու տրամադրությունը կբարձրացնեն՝ երգելով հաց արարելու աստիճանին:
   Եւ վստահ եմ, որ միակ երախտագետը չեմ լինի նման նախաձեռնությանը:
Այնժամ կիմանանք, որ միշտ այստեղ ենք եղել ու ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ և լինելու ենք միշտ:
Այնժամ մեր «ո՞վ ենք»-ն ու «ո՞վ էինք»-ը կունենան համընկնումներ:
Այնժամ Հանրապետություն բառն էլ համընկնում կունենա Ճշմարտությանը, քանզի իսկապես կլինի հանուրին պետք: