ԻՆՉՊԵՍ ՆԵՐՍՈՒՄ - ԱՅՆՊԵՍ ԴՐՍՈՒՄ

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարը իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման,
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք։

                                                        Ասող(աշուղ) Ջիվանի

Ռուսաստանում ապրածս տարիներին բազմիցս ունկընդիրն եմ եղել, թե ինչեր են քննարկում մեր հայրենակիցները «արագ ոտքի կանգնելու» առումով։
Այդպիսի մի քննարկումի ժամանակ մի շարքային հայ՝ որը վարձակալած ավտոտնակում պահարաններ էր պատրաստում և վերջերս մշտական բնակության համար նիժեգարոդսկի մարզի գյուղերից մեկում էժան տուն էր «կպցրել»՝ փայլատակեց.
- Մի քիչ փող դզեմ, մի հատ «իգրավոյ աֆտամատ» եմ առնում, տանեմ դնեմ գյուղում ու դրանից հետո գյուղի լրիվ թոշակները իմն են։
Հարցիս՝ «բա խիղճը», հաջորդեց կմկմոց ու լռություն։
Այդ դեպքը ահագին օգտակար եղավ «տեսողությանս»։
Հիմա այդպիսի հոգեբանության նշաններ եմ նկատում մեր «չինովնիկներ»-ի  գրեթե բոլոր նախաձեռնություններում։
Երթևեկության օրենքների տուգանաչափերի խստացում, հարկային, մաքսային, կրթական, առողջական,ընդերքի,... համակարգերի «բարեփոխումներ»,...։
Եւ այդ ամենի առավելագույն պատասխանը՝ արտագաղթ։
Թերևս դա էլ դրսերում «կպցնելով ոտքի կանգնելու» գերակշիռ նպատակով։
Կյանքի իմաստն ու դրան մղող նպատակը շատ են պարզունակեցվել։
Եւ այդ պարզունակությունը պղտորել է ողջ Պարզությունը։