«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»
Հեսիոդոս
Մոտ երկու ամիս առաջ Երևանի ռեստորաններից մեկում կոլեկտիվ խնջույքի էինք:
Սեղանը բավականին առատ և գեղեցիկ էր:
Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով:
Եւ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղեցիկ:
Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաև անուշ բուրում էին:
Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք:
Ըստ երևույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»ը:
Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը:
Զարմանքով ինձ համար ամրագրեցի(թեթև հարցուփորձով), որ ինձնից բացի դա ոչ ոք չէր զգացել:
Կարծեցի՝ միգուցէ ես եմ չափազանց բծախնդիր:
Սակայն հետո պարզվեց, որ այդ մսից թունավորվողներ են եղել(բարեբախտաբար ոչ մահացու):
Ուզում եմ պարզաբանել, որ գրչիս նպատակը ամենևին էլ ռեստորանների անբարեխղճությունը մատնացուցելը չէ:
Առյուծների մոտ ընդունված է սնվել միայն թարմ որսով:
Եւ նույն որսին առյուծը երկու անգամ չի մոտենում:
Եւ առյուծը ուտում է մինչև կշտանալը:
Սակայն լինում է, որ ինչ որ առյուծ անձնատուր է լինում քաղցին և մոռանում առյուծային բարքերը:
Եւ կարծելով, թե ականատես չկա, մոտենում է լեշացած որսին և բորենիներին քշելով մի լավ հագենում է:
Թերևս հետո մեծ զարմանք է ապրում, երբ իրեն երամից վտարում են:
Ու չի հասկանում, որ վտարվում է առյուծներին ոչ բնորոշ հոտ ձեռք բերած լինելու պատճառով:
Հոտ՝ որը գիշատիչները լավ են ընկալում:
Այդ հոտը ընկալում են նաև բորենիները և դառնում վտարված առյուծի հավետ հետևորդը, քանզի քաջ են գիտակցոււմ, որ նրա կատարած ցանկացած որս այլևս իրենը չէ:
Եւ այդպես, առյուծը մեկ անգամ գայթակղվելով ու քաղցը ոչ առյուծաբար հագեցնելով, իրեն դատապարտում է քաղցամահության:
Շատ մարդիկ են ինչ-ինչ տրամաբանությունից ելնելով կյանքի այլ տեսակների մոտ գիտակցությունը բացառում:
Թերևս դրանով փորձում են ճշմարտությունը զոհաբերել սեփական «Ես» ին:
Ըստ երևույթին այդ կարծիքից մարդկանց մի ստվար հատված առանձնակի հաճույք է կորզում:
Մեր իրողությունը կրում է բազում ապացույցներ, որ «մարդ»-ը հաջողված ստից կարող է արտակարգ ուրախություն ապրել:
Եւ թերևս «մարդ»ը իր համար բացահայտել է ամենամեծ հաջողության հավանականությունը ունեցող սուտը՝ ինքնախաբեությունը:
Արթնացի'ր Հայ Մարդ:Հիշիր առյուծ անցյալդ և վերականգնիր ներքին ու արտաքին որակներդ:
Բավ է գլխիդ եկած փորձությունների պատճառը քեզնից դուրս փնտրես:
Բավ է մտքիդ, գործիդ, բարքիդ, վարքիդ, ... արգասիքների առյուծի բաժինը բորենիներին տրամադրես:
Բավ է կորյուններիդ բորենիների համակարգով կրթես:
Վերհիշի'ր վեհն ու գեղեցիկը: